Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ։ Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Դեկտեմբերի 3-ին Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում գլխավոր հանձնակատարը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ։
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Գլենդելի հայ համայնքին և Հայաստան–սփյուռք գործակցությանը, ինչպես նաև Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Նույն օրը գլխավոր հանձնակատարը Գլենդելում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության առաջնորդների հետ։
Վերջիններս կարևորել են սփյուռքում համախմբվածությունն ու համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել ընկերակցության ջանքերը սփյուռքում և Հայաստանում։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, տեսլականը, գրասենյակի, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերը։
Օրվա երկրորդ կեսին Կալիֆոռնիայի Բրբանք քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Հանդիպմանը քննարկվել են հոգևոր արժեքների և Եկեղեցու կարևորությանը, ինչպես նաև Հայաստանում և սփյուռքում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայ ուսանողական միությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի և ուսանողների հետ՝ ընդգրկուն քննարկում ունենալով Հայաստան–սփյուռք համագործակցության առանցքային հարցերի շուրջ։
Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ գլխավոր հանձնակատարը անդրադարձել է սփյուռքի հետ առողջ երկխոսության կարևորությանը, գրասենյակի կողմից երիտասարդների համար իրականացվող նախաձեռնություններին, ծրագրերին և մասնագիտական համաժողովներին՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը հայրենիքի զարգացման հարցում։

















