Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու կուսակցության Արմավիրի պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել են Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով։
«Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:
Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը:
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

















