Այս իշխանությունների սովորական գործելաոճն է՝ ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի և նրան չեն ձերբակալի մի շինծու գործով: Ես կարող եմ բոլորին հավաստիացնել, որ սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի և չի կարող ունենալ, սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետև սրանով իրենք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին՝ մարդկանց շինծու գործերով կալանավորելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը խաթարելու կամ կասեցնելու համար: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս գործը դատական վախճան չի ունենալու՝ մեղադրական դատական ակտ չի կարող ունենալ, անգամ այս իրավիճակում՝ երբ ապօրինաբար քրեական վարույթներ է հարուցվում, չի կարող՝ որովհետև չկա կատարված հանցագործություն»,- ասել է Վանեցյանը:
Անդրադառնալով ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ նման բան չկա ու չի կարող լինել, նշելով, որ առհասարակ ընտրությունները կամ քաղաքական գործունեությունը իրենից ենթադրում են որոշակի մարդկանց ներգրավվում քարոզարշավի ժամանակ:
«Եթե դա է հանցանք համարվում, ապա ինչի՞ ա դա հանցանք միայն ընդդիմադիր ուժերի համար: Ես գործի նյութերին մանրամասն չեմ տիրապետում, բայց հստակ կարող եմ մի բան ասել՝ «Հայրենիք» կուսակցությունը որևէ լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, նման ապացույցներ չկան և չեն էլ կարող լինել, որովհետև նման բան բնության մեջ բացակայում է»,- եզրափակեց նա:

















