Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել, ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«ՀՀ-ն նախաձեռնել է համակարգային բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն արտացոլված է 2021-2026 թվականների Կառավարության գործողությունների ծրագրում եւ մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ: Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:
Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից: ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել»,- նշել է նա:
Արշակյանի խոսքով` դատական, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը եւ երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:
«Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաեւ հետեւողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը եւ զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում: ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը կազմում է 36.5 տոկոս»,- ասել է Արշակյանը: