Երկրի մերձակայքում սկսվել է ամենաբարձր մակարդակներից մեկի՝ S4 դասի ճառագայթային փոթորիկ, հայտնում է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան (XRAS)։
Մասնագետների տեղեկությամբ՝ բարձր էներգիայի մասնիկները ամբողջությամբ կլանվում են Երկրի մագնիսական դաշտի և մթնոլորտի կողմից, ինչի շնորհիվ վտանգ չեն ներկայացնում կենսոլորտի համար։ Սակայն դրանք կարող են լուրջ ռիսկեր ստեղծել արբանյակների և տիեզերագնացների համար։
XRAS-ի տվյալներով՝ 10 ՄէՎ-ից բարձր էներգիայով պրոտոնների հոսքի խտությունը երկու արեգակնային ցիկլերի ընթացքում առաջին անգամ գերազանցել է 10 000 միավորի շեմը, ինչից հետո կտրուկ աճ է արձանագրել։ Հունվարի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 22:25-ին, ցուցանիշը հասել է 37 000 միավորի։ Սա գերազանցում է նույնիսկ 2003 թվականի ամենահզոր արեգակնային բռնկման ժամանակ գրանցված մակարդակը և համարվում է դարասկզբից ի վեր բացարձակ առավելագույնը։
NOAA-ի սանդղակի համաձայն՝ S4 մակարդակի ճառագայթային փոթորիկը կարող է անմիջական վտանգ ներկայացնել տիեզերքում գտնվող տիեզերագնացների համար, ինչպես նաև առաջացնել ճառագայթային ազդեցության ռիսկեր բարձր լայնություններում թռչող ինքնաթիռների ուղևորների և անձնակազմի համար։ Բացի այդ, հնարավոր են արբանյակների աշխատանքի խափանումներ՝ արևային վահանակների արդյունավետության նվազում, կողմնորոշման և հիշողության խնդիրներ, ինչպես նաև բևեռային շրջաններում բարձր հաճախականության ռադիոկապի խափանումներ և նավիգացիոն սխալների աճ։
XRAS-ը ընդգծում է, որ մասնիկները չեն հասնում Երկրի մակերես, և բնակչության համար վտանգ չկա։ Տիեզերանավերում կիրառվում է ճառագայթահարման նկատմամբ դիմացկուն էլեկտրոնիկա, որը նախատեսված է նման կարճատև ազդեցություններին դիմակայելու համար։ Գիտնականների խոսքով՝ S5 մակարդակի փոթորիկը, որը երբևէ չի արձանագրվել, շարունակում է մնալ տեսական մակարդակում։
Նշվում է նաև, որ ներկայիս ցուցանիշները մոտենում են 20-րդ դարի պատմական ռեկորդներին, երբ պրոտոնների հոսքը հասել էր մոտ 40 000 միավորի։
Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, գիտնականները հայտնել էին 2026 թվականին գրանցված առաջին X դասի ամենահզոր արեգակնային բռնկման մասին։

















