Հայաստանն ու Իրանը նախատեսում են 2026 թվականին ստորագրել ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի շրջանակում։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում։
Դեսպանի խոսքով՝ կողմերը նպատակ ունեն ինստիտուցիոնալացնել համագործակցությունը և զգալիորեն ընդլայնել այն՝ գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա։ Նա ընդգծեց, որ երկրների հարաբերությունները ունեն հազարամյակների պատմություն և այսօր հասել են հասունության, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը հանդիսանում է նրանց գլխավոր կապիտալը։
Խալիլ Շիրգոլամին նաև կարևորեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ շեշտելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են։

















