Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում՝ քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը, ընդհանուր առմամբ, աշխարհում առաջնային օրակարգ է։
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման և այլ թեմաների շուրջ։ Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

















