Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու և Ուկրաինային 90 միլիարդ եվրո «պատերազմական վարկ» տրամադրելու որոշման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությանը։
Սիյարտոն Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցի Ուկրաինայի կողմից 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկի ստացմանը, քանի որ ուկրաինացիները շանտաժի են ենթարկում մեզ։ Նրանք դավադրության մեջ են մտել Բրյուսելի հետ և միավորվել են հունգարական ընդդիմության հետ՝ վտանգելու հունգարական էներգետիկ ոլորտի անվտանգությունը և Հունգարիայի անվտանգությունն ամբողջությամբ»։
Ավելի վաղ Սիյարտոն զգուշացրել էր 20-րդ փաթեթը կասեցնելու որոշման մասին՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման դադարեցման պատճառով։

















