Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով նախաքննության ավարտ հայտարարվեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտպանության կողմն արդեն ծանուցվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին, նախաքննության ավարտի մասին ՔԿՀ-ում կծանուցվի նաև Սրբազանը։
Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է 2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։ Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանը կալանավորվել է։ Ի դեպ, հենց Մասիս Մելքոնյանի որոշմամբ էլ կալանավորվել են Միքայել և Բագրատ սրբազանները։

















