«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ գրաֆիկները հրապարակվում են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների։ Ընկերության հաղորդմամբ՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և նոր սպառողների թվի աճով։ Նշվում է նաև, որ ներդրումային ծավալների եռապատկումը միտված է ջրի ֆիզիկական կորուստների կրճատմանը և առաջիկա տարիներին Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը։ Ընկերությունը վստահեցնում է, որ վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չեն խախտվել։
«Այս օրերին մամուլում «Վեոլիա ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134-րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից: Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ՀՀ Կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցմանը, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել»,- ասվում է հաղորդագրությունում:

















