Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի խնդիրներին, նշել է, թե կլիմայի փոփոխության պատճառով անձրևներն ավելացել են, որոշ խնդիրներ սրվել են. «Լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջուր»-ի զեկույցը, որ ցավոք, ոնց հասկանում ենք, չենք լսելու»։ Ըստ Ավինյանի՝ պայմանավորվածություն կա ընկերության հետ, որպեսզի ներկայացվեն սպասարկվող հասցեները։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասել է, թե համապատասխան տեղեկատվություն ստանում են, սակայն «Ուզում եմ անկեղծ խոսենք՝ ունենք որոշ վերապահումներ։ Քանակը, որ ներկայացվում է և այդ քանակից հետո աղբակույտերը չենք նկատում։ Մինչև անձրևների սկսվելը Կենտրոն վարչական շրջանում տարբեր խնդրահարույց հատվածներ ենք ներկայացրել, խնդրել, որ աշխատանքներն արագացվեն»։
Քաղաքապետը հանձնարարել է ունենալ որոշ տեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ կարողանան նման աշխատանք իրականացնել. «Խնդրում եմ պլանավորել հաջորդ տարվա համար»։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը փոխվարչապետի մոտ այս թեմայով խորհրդակցությունից որոշ մանրամասներ է հայտնել, նշելով. «Հիմնական խնդիրը եղել է Ձեր առանցքային առաջարկությունը, որ այս ամենը կդառնա իրողություն, եթե վերանայվի «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը։ Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, հանձնարարվել է ներկայացվեն առաջարկությունները, ներառյալ քաղաքապետարանը։ 6 կետով մեր առաջարկներն ուղարկվել են Ձեր ստորագրությամբ, սպասում ենք կրկնակի քննարկման»։ Ըստ Արեյանի, պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն։