Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։
Նշված վայր են ժամանել փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, նույնիսկ վտանգելով իրենց կյանքը, որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

















