2025 թվականի հունվարի 24-ին «Դիգնիսի» ՍՊԸ-ն և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով: Այս մասին գրում է Հետքը:
Այս հուշագրի շրջանակում էլ կազմվել է Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի ներդրումային փաթեթը։
«Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։
Մրցույթում հաղթելուց հետո կնքված հուշագրով սահմանվել է, որ PROSPECT24-ը, նախքան պետական գույքի օտարումը, պետք է կազմի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև՝ համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:
Պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ համաձայն «Դիգնիսի» ՍՊԸ-ի և կոմիտեի միջև կնքված հուշագրի՝ գույքի գնորդը, բացի գնահատված արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։
«Նշված գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է։ Վերոնշյալն ամրագրված է Կոմիտեի և «Դիգնիսի» ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով»,- ասված է Կոմիտեի պատասխանում:
Նախագծի կազմման արժեքը կախված է լինելու գույքի գնահատված արժեքից։ Եթե գույքի արժեքը կազմի մինչև 1 մլրդ դրամ, ապա նախագծի կազմման արժեքը կլինի դրա 5%-ի չափով։ Եթե լինի 1 մլրդ դրամից բարձր, ապա՝ 4%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 50 մլն դրամը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:

















