Այն, որ օրվա իշխանություններն այնքան սուտ և մանիպուլյացիաներ են տարածել իրենց գործունեության ամբողջ 8 տարիների ընթացքում, նորություն չէ, և դա ռազմավարական վտանգավոր իրավիճակ է ստեղծում, երբ մենք այլևս լուրջ չենք վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին՝ հասկանալով, որ եթե ոչ ամբողջը, ապա մեծ մասը սուտ է։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Այս օրերին Փաշինյանը զբաղված է հայ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմով։ Դրանով չի բավարարվել, և հիմա էլ ամսաթվեր է հնչեցնում, ավելի ճիշտ՝ կոնկրետ ամիս, տարի։ Մնում է՝ օրը հայտարարի։ Մենք կարող ենք, իհարկե, շարունակել անլուրջ վերաբերվել, և դա ամենաարդարացված և տրամաբանական արձագանքն է Փաշինյանին։ Սակայն հարց, այնուամենայնիվ, պետք է առաջանա, ուղղակի պարտավոր է առաջանալ․ այդ ի՞նչ ամսաթիվ է հնչեցնում Փաշինյանը։ ԱԱԾ-ն անելիք չունի՞ այստեղ։ Ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանը չի հայտնվել ԱԱԾ-ում՝ պարզաբանումներ տալու, թե այդ ինչ փաստերի կամ, միգուցե, պայմանավորվածությունների հիման վրա է նման հայտարարություններ անում։ ԱԱԾ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել Փաշինյանի խոսքերը՝ նրան համապարփակ հարցաքննության ենթարկելուց հետո։ ԱԱԾ-ն չի կարող անլուրջ որակել և ստախոսության կանխավարկածով վերաբերվել Փաշինյանի հայտարարություններին, ինչպես որ դա անում են քաղաքական ուժերն ու ժողովուրդը։
ԱԱԾ-ն պարտավոր է լուրջ վերաբերվել Փաշինյանին և հրավիրել հարցաքննության։
Այս հարցով դիմել եմ ԱԱԾ-ին՝ պահանջելով պարզաբանում, թե այդ ի՞նչ հիմքեր ունի Փաշինյանը նման հայտարարությունների համար, այդ ի՞նչ պայմանավորվածություններ են առկա Փաշինյանի և Ալիևի միջև, որոնց չկատարման պարագայում նոր պատերազմ է խոստացվել հայ ժողովրդին։ Առաջարկել եմ բացահայտել բոլոր պարտավորությունները, որոնք այս իշխանությունները մեր ժողովրդի անունից խոստացել են ապագայում կատարել»,-գրել է նա։

















