Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար՝ ընդգծելով, որ միայն Ռուսաստանի ներկայությունը կարող է ապահովել տարածաշրջանային շահերի հավասարակշռությունը։
ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Օվերչուկը նշել է. «Ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին քննարկումները Հայաստանում կարող են հարցեր առաջացնել ՌԴ-ում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ»։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանը ինտեգրվելու մտադրություններին՝ նշելով, որ Մոսկվան նկատում է այդ գործընթացը և այն գնահատում որպես երկարաժամկետ ծանր հետևանքներ ունեցող քայլ։ Օվերչուկի խոսքով՝ Եվրամիությունը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։
«ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը»,- նշել է փոխվարչապետը։
Օվերչուկը անդրադարձել է նաև «Թրամփի ուղի» նախագծին՝ նշելով, որ դրա իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։

















