Տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվեց Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

















