Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևեր» ծրագրի կրթական առաջնահերթությունները՝ ուղղված հասանելի, որակյալ և հավասար կրթական համակարգի ձևավորմանը։
«Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը», որպեսզի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները չփակվեն։
Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության՝ լրացուցիչ 1 տարվա ընտրովի հնարավորությամբ։ Ավագ դպրոցի ծրագիրը կնախատեսի բուհական կյանքին ինտեգրվելու կամ միջին մասնագիտական որակավորում ստանալու իրական հնարավորություններ։
Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու, մանկավարժներին խրախուսելու նպատակով կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ արական սեռի երիտասարդներին զինծառայությունից տարկետման հնարավորությամբ։
Մանկավարժները կունենան մինչև 0% վարկի, մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ տվյալ բնակավայրում հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։
Կրթության բյուջեն կհասցնենք ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսի։ Ավելին, օրենքով կամրագրենք, որ կրթության ոլորտին պետական հատկացումները ՀՆԱ-ի 3,5 տոկոսից պակաս չի կարող լինել։
ՀՀ պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը կլինի անվճար։
Մասնավոր բուհերում ուսանողների համար կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։
Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։
Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում»։

















