ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը՝ ընդգծելով, որ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող որևէ արդարացում ունենալ։
Նա նշել է, որ Ռուսաստանում այս ողբերգությունն ի սկզբանե ընկալվել է որպես սեփական վիշտ և այդ վերաբերմունքը պահպանվում է մինչ օրս։
Միևնույն ժամանակ Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությանը՝ հայտարարելով, որ այն կարող է Բրյուսելին լրացուցիչ լծակներ տալ ազդելու երկրի ներքին գործընթացների, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։
Նրա խոսքով՝ այդ առաքելությունը, որը ներկայացվում է որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, կարող է օգտագործվել նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վերահսկման, կիբերհարձակումների և տեղեկատվական միջամտությունների դեմ պայքարի պատրվակով Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։

















