«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը.
✅ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
📍Երևանը՝ քաոսային շինհրապարակ
Կառուցապատումն իրականացվում է առանց պատշաճ պլանավորման։ Արդյունքում խաթարվում է քաղաքային միջավայրը, չեն գործում ենթակառուցվածքները, նվազում են կանաչ տարածքները։
✅Երևանը՝ կանաչ քաղաք
Կառուցապատումը կթույլատրվի միայն ամբողջական ծրագրի դեպքում․ կառուցապատողը պետք է ապահովի նաև ենթակառուցվածք՝ դպրոց, մանկապարտեզ, հանգստի գոտի։ Շինարարության համար ծառ կտրելը կբացառվի։
📍Երևանը՝ փոսերի քաղաք
Իշխանությունն ասֆալտապատումն իրականացնում է անկազմակերպ և հաճախ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Արդյունքում՝ փոսերով լի ճանապարհներ և խցանումներ։
✅Երևանը՝ հարթ ճանապարհների քաղաք
Մենք կհաստատենք կարգուկանոն. աշխատանքները կիրականացվեն հստակ ժամանակացույցով, բարձրորակ նյութերով և ժամանակակից տեխնիկայով։ Կնորոգվեն այն փողոցները, որոնք իսկապես կարիք ունեն։
📍Երևանը՝ խցանված ճանապարհ
Այլևս չկա պիկ ժամ հասկացություն. օրվա ցանկացած պահի տեղաշարժվելը դարձել է գլխացավանք. ճանապարհները խցանված են, քաղաքային տրանսպորտը՝ գերբեռնված։
✅Երևանը՝ անխափան երթուղի
Կմշակենք տրանսպորտային ցանցի համալիր ծրագիր՝ ներառյալ վերգետնյա մետրոպոլիտեն։ Առաջին ուղղությունը կլինի Երևան– Զվարթնոց – Էջմիածինը։ Կփոխենք լուսացույցների համակարգը՝ ըստ երթևեկության հոսքերի վերլուծության։
📍Երևանը՝ ջրազրկվող օրգանիզմ
Ջրամատակարարման անջատումները պարբերական են, որովհետև ջրատար համակարգը մաշված է, ջրի արտահոսքը դարձել է մշտական և չվերահսկվող։ Քաղաքը չունի բավարար ջրային պահուստներ, իսկ ջրամբարները խիստ աղտոտված են։
✅Երևանը՝ ջրառատ բնակավայր
Ջրամատակարարման օպերատորը կներկայացնի բաց հաշվետվություն և զարգացման ծրագիր՝ հստակ ժամկետներով։ Համակարգերը և ցանցերը կնորացվեն, ջրային ռեսուրսները կկառավարվեն արդյունավետ՝ ապահովելով անխափան և որակյալ ջրամատակարարում։
📍Երևանը՝ լցված աղբաման
Օրերով չդատարկվող և գարշահոտ աղբամանները քաղաքի «զարդն» են, որովհետև կոմունալ ծառայությունները չունեն բավարար տեխնիկա, մարդկային ռեսուրսներ և աշխատանքի արդյունավետություն։ Աղբի վերամշակման բացակայության պատճառով աղբավայրերը տարեցտարի ավելի մեծ տարածք են զբաղեցնում։
✅Երևանը՝ աղբ վերամշակող
Աղբահանության համակարգը կաշխատի արդյունավետ՝ խելացի լոգիստիկայի, բավարար տեխնիկայի, ամենօրյա մոնիթորինգի շնորհիվ։ Կկառուցենք ժամանակակից աղբավայրեր և թափոնների վերամշակման գործարաններ։
📍Երևանը՝ փոշու ամպ
Անօրինական հանքերը, տարերային շինությունները և ավելացող տրանսպորտային արտանետումները շնչահեղձ են անում քաղաքը։ Անգամ պաշտոնական տվյալներով՝ օդի աղտոտվածությունը շատ հաճախ գերազանցում է թույլատրելի և անվտանգ նորմայի սահմանները։
✅Երևանը՝ ազատ շունչ
Տրանսպորտային միջոցների արտանետումներն անընդհատ կստուգվեն։ Պահանջներին չհամապատասխանող մեքենաների շահագործումը կարգելվի։ Կխրախուսվի մասնավոր էլեկտրատրանսպորտի զարգացումը՝ զրոյական մաքսատուրքերի, հարկային արտոնությունների, առանձնացված երթևեկելի գծերի միջոցով։ Հանրային տրանսպորտն ամբողջական անցում կկատարի գազային և էլեկտրական շարժիչների։
📍Երևանը՝ վտանգավոր շինակույտ
Անավարտ և չօգտագործվող շինությունները վերածվում են աղբավայրերի՝ խաթարելով քաղաքի էսթետիկ տեսքն ու վերածվելով հակասանիատարական և հրդեհավտանգ տարածքների։
✅Երևանը՝ առանց կիսակառույցների
Կսահմանվի շինարարության առավելագույն ժամկետ՝ 3 տարի։ Խախտման դեպքում կկիրառվեն խոշոր տուգանքներ, կամ շինությունը կապամոնտաժվի։ Չօգտագործվող շինությունները կարգի բերելու համար կտրամադրվի մեկ տարի։ Լքված օբյեկտները կդառնան համայնքային սեփականություն, կվաճառվեն աճուրդում կամ կքանդվեն։


















