Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։
Հանդիպման ընթացքում ԱԳՆ-ն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևը, որը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ «անհիմն և կողմնակալ» դրույթներ։ Այդ կապակցությամբ մյուս կողմին է հանձնվել բողոքի նոտա։
ԱԳՆ-ում նշել են, որ տվյալ բանաձևի դրույթները «խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին»։
Հաղորդագրության մեջ նշված է, որ «չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրության համապատասխան ներկայացված վերաինտեգրման պլանին, հայ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր, իսկ հակառակի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Նաև նշվել է, որ ռազմագերիների արձակման կոչերը «իրավական տեսանկյունից անընդունելի են»։
Նախարարությունից նշում են, որ Ադրբեջանը դրսևորել է «մարդասիրություն՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների և ձեռնարկելով վստահության ամրապնդման քայլեր, մինչդեռ այն անձինք, որոնց նկատմամբ կայացվել են դատական վճիռներ, կատարել են ծանր հանցագործություններ, ներառյալ՝ ահաբեկչություն, դիվերսիաներ և ռազմական հանցագործություններ»։
ԱԳՆ-ն հայտնել է, որ «մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղադրանքները լիովին անհիմն են և անընդունելի և ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ եվրոպական ինստիտուտները պատշաճ նշանակություն չեն տալիս օկուպացիայի ժամանակաշրջանում Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնամասշտաբ ավերման և պղծման փաստերին»։
Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։

















