Ականատես դիտորդական առաքելության կողմից ներկայացված հաղորդումը Բագրատաշենի մաքսակետի ղեկավարի գործողությունների վերաբերյալ, ներկայացված, է բայց ձերբակալված անձիք չկան: Գրում է «Փաստինֆո»-ն։
Իրավապահ մարմիններն առայժմ չեն արձագանքել Բագրատաշենի մաքսատան տնօրենի (պետ) կողմից ՔՊ-ի օգտին վարչական ռեսուրսը չարաշահելու, փաստացի ընտրակաշառք բաժանելու դեպքին, ինչը դրսեւորվել է խոստումներ տալով։
Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։
Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք։

















