Հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար և իշխանություն:
Այս որոշումը պետք է կայացնեն Երևանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Մարտունին, մեր մյուս քաղաքներն ու գյուղերը։ Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնին առաջադրվելու երեք նպատակ ունի՝ հաստատել խաղաղություն, արդարություն և զարգացնել տնտեսությունը։
Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված ապատեղեկատվությանը՝ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն բացատրել է, որ ագրեսիվ թիրախավորման պատճառը կուսակցության աճող վարկանիշն է և ներկայությունն ապագա խորհրդարանում։
Արման Թաթոյանը ևս մեկ անգամ հիշեցրել է «Միասնության թևերի» «կարմիր գծերի» մասին։
«Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Հստակ է նաև մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- հայտարարել է Արման Թաթոյանը։
Նա նաև խոսել է անցած մասնագիտական ուղու մասին՝ հիշեցնելով, որ իր գործունեությամբ ապացուցել է՝ կարող է պաշտպանել Հայաստանի ազգային շահերը և քաղաքացու իրավունքներն ամբողջ աշխարհում։
«Այսօր հանձն եմ առնում պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու շահերը։ Հայաստանն ու հայ ժողովուրդն արժանի են ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն։ Ընտրեք նրան, ով երբեք ձեզ չի խաբել, չի հարստացել ժողովրդի հաշվին և իր աշխատանքը նվիրել է մարդկանց ծառայելուն։ Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրության, ընտրե՛ք 6-ին, որ արդարությունը բերեք ձեր կյանք, որ վերջապես արդարություն հաստատենք մեր երկրում»,- հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=foklWiQMfgU

















