ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ԵԱՏՄ-ը չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ, սակայն երկրի եվրոպական ուղղվածությունը, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություններ է առաջացնում։
«Առաջին հերթին, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ես կարող եմ դա պատասխանատու կերպով ասել, որովհետև մենք մոնիտորինգի ենք ենթարկում Հայաստանի ողջ իրավապայմանագրային բազան՝ ԵԱՏՄ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններից շեղումների առկայությունը պարզելու համար։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերում»,- նշել է նա։
Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական ստանդարտների անցնելու ցանկության մասին։
«Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական ստանդարտներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել ու կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Եվրոպական միությունն այսօր փաստացիորեն տրանսֆորմացվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, և այնտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Բայց այն տրանսֆորմացվել է ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Որո՞նք են դրա հետևանքները։ Ինչո՞ւ մենք պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք այդ շարժմանը»,- հարց է բարձրացրել ՌԴ փոխվարչապետը։

















