Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էր-է-Լուար դեպարտամենտում հրացանով զինված 82-ամյա տղամարդը, համոզված լինելով, որ երկրում հեղափոխություն է սկսվել, և նախագահ Էմանուել Մակրոնը տապալվել է, վիրավորել է իր տուն ժամանած երկու ժանդարմների, հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով Շարտրի դատախազությանը։
Հրապարակման համաձայն, շաբաթ օրը թոշակառուի կնոջ հաղորդումից հետո ժամանել են հինգ ժանդարմներ։ Տարեց զույգի դուստրը զգուշացրել է նրանց, որ հայրը այգում է։ ժանդարմները շարժվել են դեպի դեպքի վայր, որտեղ տղամարդը կրակ է բացել նրանց վրա։
«Նոժան-լե-Ռուտրու կոմունայի մոտ 82-ամյա տղամարդը, համոզված լինելով, որ նախագահը տապալվել է, վերցրել է հրացան և փամփուշտներ, ապա դուրս է եկել իր տնից՝ արտաբերելով այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սա հեղափոխություն է» և «Մակրոնը տապալվել է»… Զինվորները զրույց են սկսել՝ զգուշորեն մոտենալով տարեց տղամարդուն։ Այդ պահին նա երեք կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։ Երկու ժանդարմ վիրավորվել են ոտքերից», — կիրակի օրը հաղորդել է թերթը։
Դատախազության տվյալներով՝ թոշակառուն, անվտանգության ուժերին վիրավորելուց հետո, հնարավոր է, որ վիրավորվել է ձեռքերից պատասխան կրակից և ապաստան է գտել տան նկուղում։ Հետագայում նա հանձնվել է իրավապահներին։ Ժանդարմներին բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է պարբերականը:
Հետաքննություն է սկսվել պետական իշխանության երկու ներկայացուցիչների կանխամտածված սպանության փորձի կապակցությամբ, որը հանձնարարվել է կոմունայի քննչական բրիգադին, իսկ Օռլեանի քննչական բաժինը կուսումնասիրի ժանդարմների կողմից թոշակառուի գործողություններին ի պատասխան ուժի կիրառումը: Ինչպես նշում է թերթը, նախկինում տղամարդը դատվածություն չի ունեցել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ փամփուշտը ձեռքից հանելու համար, այնուհետև կալանավորել և նշանակել հոգեբուժական փորձաքննություն, ասվում է նյութում։
