Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ: Երեք օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը։
«ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը: Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:
Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։
Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:
Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»։
