Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ։
«Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է բարձր ջերմաստիճանի հետ կապված ավելի քան 1300 մահ։ Ջերմային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», և Եվրոպայում տները, աշխատավայրերը և դպրոցները նախատեսված չեն եղել այս ջերմաստիճանների համար», — գրել է նա իր բլոգում։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջինից կրկնակի։
«Ներկայումս 150 միլիոն մարդ տառապում է ծայրահեղ շոգից. հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը լարված են», — նշել է նա։
Գեբրեյեսուսը նշել է, որ կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման պատճառով ջերմային ալիքները, որոնք մի ժամանակ համարվում էին «սերնդում մեկ անգամ» պատահող երևույթ, այժմ դիտվում են գրեթե ամեն տարի։
ԱՀԿ-ն կոչ է արել եվրոպական երկրներին իրականացնել ջերմության հետ կապված առողջապահական գործողությունների ծրագրեր՝ որպես հանրային առողջությունը կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու ավելի լայն ծրագրի մաս։
