Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի պոլիկլինիկան աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։
«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- ասել է տնօրենը։
Նրա խոսքով՝ 2 կանչ ստացել են Արզնի բնակավայրից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավանից։
Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։
Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։
