Հուլիսի 27-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքները։
Ադրբեջանի իշխանությունները նրանց մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական ագրեսիայի», «ցեղասպանության», «ահաբեկչության» և այլ արարքների համար։ Բաքվի ռազմական դատարանը նրանց նկատմամբ կայացրել է խիստ դատավճիռներ, որոնք հայկական կողմը և բազմաթիվ իրավապաշտպաններ գնահատում են որպես քաղաքականացված դատավարությունների արդյունք։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
