2024 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հուլիսին գները 1.3 տոկոսով ցածր են եղել 2023-ի դեկտեմբերի ցուցանիշից: Իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0.3 տոկոսի գնանկում: Դիտարկված բնակավայրերում 2024-ի հուլիսին սպառողական գները հունիսի համեմատ նվազել են 0.5-0.1%-ով: Մայրաքաղաքում գնանկումը 0.4 տոկոս է:
Հուլիսին սննդամթերքը և ոչ ոգելից խմիչքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 0.7 տոկոսով, սակայն 2024-ի հունիսի համեմատ էժանացել են 1.3 տոկոսով: Ընթացիկ տարվա 7 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը կազմել է 3.7 տոկոս: Ընդ որում՝ ՀՀ-ի դիտարկված բնակավայրերում հուլիսին՝ հունիսի համեմատ գները նվազել են 1.9-0.8%-ով: Առավելագույն գնանկում է գրանցվել Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Երևանում գները նվազել են 1.3%-ով:
Ոգելից խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները նախորդ տարվա հուլիսի համեմատ թանկացել են 4.3, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.1 տոկոսով: 2024-ի հունվար-հուլիս ամիսներին այս ապրանքատեսակները մեկամյա կտրվածքով թանկացել են 6.4 տոկոսով:
Հուլիսին հագուստն ու կոշկեղենը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել են 2, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 0.9 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին դրանց արժեքը 0.2 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Այս տարվա հուլիսին տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների ամենօրյա խնամքի պարագաների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.5, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.7 տոկոսով: Նույնքան տոկոսով գները մեկ տարվա կտրվածքով նվազել են այս տարվա հունվար-հուլիս ամիսներին:
Հուլիսին բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 0.4, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.6 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.1 տոկոսով: Կապի ոլորտում հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 0.5 տոկոսի գնաճ: Այս տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնանկում, իսկ հունվար-հուլիսին մեկամյա կտրվածքով գները մնացել են անփոփոխ:
Հուլիսին տարբեր ապրանքների և ծառայությունների գները 1.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: 2024-ի հունիսի համեմատ գները նվազել են 0.5 տոկոսով: Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը 0.7 տոկոս է:
Հանրապետության հինգ բնակավայրերում 2024-ի հուլիսին ոչ պարենային ապրանքների գները հունիսի համեմատ նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում՝ գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5 տոկոսով:
2024-ի հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները հունիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.6 և 2.4 տոկոսով: Հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինը թանկացել է 10.2, իսկ դիզվառելիքը՝ 15.4 տոկոսով: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8 և 6.7 տոկոսով: