Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների ընդամենը մի փոքրիկ մաս, որովհետև ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր մնում միջոցներ կիրառելուց. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։
Ըստ նրա՝ պլանավորված էր, որ ժամը 3-ին անելիք ունեն։
Քոչարյանը նշեց, թե էմոցիոնալ ֆոնը ստեղծվել էր և բախումը դարձավ անկառավարելի, որն էլ բերեց այդքան վիրավորների։
Նա ընդգծեց, որ երեկ փորձ է արվել Արծվիկ Մինասյանի կողմից բախումը նմանեցնել Մարտի մեկին։ «Անթույլատրելի համեմատություններ են, որովհետև Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր։ Սա ուրիշ բան էր՝ հարձակում ոստիկանական ուժերի միջով ճեղքում կազմակերպելով։ Ճեղքումն ինչ զարգացում կունենար՝ մենք բազմիցս տեսել ենք, և քանի որ դա չստացվեց, շարժվեցին կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Եթե գնային և Նիկոլ Փաշինյանն այնտեղ լիներ՝ ի՞նչ ավարտ էր ունենալու»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Քոչարյանը հիշեց նաև վիրավոր քաղաքացիներին: «Իհարկե, վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց, որովհետև մարդիկ, ովքեր այլ պլանավորում ունեին, իրականություն չդարձավ»,-ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել, որ բոլորն էլ բեկորային վնասվածքներ են ստացել՝ Քոչարյանը պատասխանեց՝ պնդելով, որ կիրառվել են լուսաձայնային միջոցներ, որպեսզի այդ լարվածությունը թուլացվի։
Իսկ թե դրանցից այդպիսի բեկորներ լինո՞ւմ են՝ պատասխանեց. «Այո, բեկորներ լինում են»։