Ձերբակալվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը։ Գործողությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում, սակայն ձերբակալության հստակ հիմքերն ու մեղադրանքի էությունը պաշտոնապես դեռևս չեն պարզաբանվել։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում տեղի ունեցածը որակեց իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական ճնշման հերթական ցուցադրական քայլ։
«Աղաբաբյանին որևէ ծանուցագիր չի ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե ներկայանալու համար, այնինչ իրավապահները շատ լավ գիտեն թե՛ նրա բնակության հասցեն, թե՛ աշխատավայրը։ Ծանուցում ուղարկելու փոխարեն միանգամից ձերբակալելը իշխանության գործելաոճն է»,— նշեց Առաքելյանը։
Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ՝ Աղաբաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արհեստածին է․ «Աղաբաբյանն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ պաշտոնեական դիրքի չարաշահում կամ որևէ ապօրինություն թույլ չի տվել։ Նման վարքագիծն այն է, ինչ իշխանությունը միշտ անում է»։
Արամ Դավթյան

