ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99 %-ը։
Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշավին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսը։
Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։