Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, «Միասնության թևերը» ներկայացնում է նախընտրական ծրագրի սեղմագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն և աշխատատեղեր ստեղծող տնտեսություն կառուցելուն։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։
- Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։
- Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։
- Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։
- Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։
- Կներդնենք նոր հարկային համակարգ․ նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։
- Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:
- Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։
- Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։
- Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։
- Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
- Ոռոգման ջրի վճարը, բացի արտադրության ու գործարար նպատակների, գյուղացիների համար լինի կես հեկտարը՝ 500 դրամ, 1 հեկտարը՝ 1000 և այդպես շարունակ։
- Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։
- Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։
- Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։
- Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։
- Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։
- Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։
- Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։
- Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։
- Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։

















