Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրեց սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի հուզիչ ուղերձ, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։
Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը երկուշաբթի` հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո կողմերը ստորագրել են աշխատանքային պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիայով (4+1): Սպասվում է, որ Սպերցյանն իր նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։
«Կրասնոդարն» իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։ Ռուսական թիմի մարզաշապիկով Էդուարդն անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։
«2024/25 մրցաշրջանում Էդուարդը՝ որպես ավագ, «ցուլերին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 ասիստ)։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավա՛գ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշված է «Կրասնոդարի» պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը միասին, Սպերցյանը մասնակցել է 42 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ և 18 արդյունավետ փոխանցում։
Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա նախկին պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
