ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը շարունակվում է և չի դադարեցվել։
Նրա խոսքով՝ ներկայումս տեխնիկական խնդիրներ կան, քանի որ արձանի կառուցման համար քարի մատակարարումն իրականացնող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի աշխատում։
«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել։ Քանի որ «Մուլտի Սթուն» ընկերությունը չի աշխատում և քարի մատակարարումն այդ ընկերությունն է իրականացնում, դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց գլոբալ շինարարությունը դադարեցված չէ»,– ասել է Տոնոյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ շուրջ մեկ շաբաթ է՝ արձանի շինարարական աշխատանքները կանգ են առել՝ տրավերտին մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերության գործունեության դադարեցման պատճառով, ինչը, ըստ հրապարակումների, պայմանավորված է քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումներով։
