«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, որում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընդգծում է. Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է:
Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը:
Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար»:

