Անբարոյական վարքագիծ դրսևորած ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում: Գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։
Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։
Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, վարում էր քաղաքական մի շարք տելեգրամյան և այլ ալիքներ ու անթաքույց քննադատում գործող իշխանությանը։
Հուսով եմ՝ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա»։

















