Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
