Ռուսաստանը մեզ չի նայում որպես հավասար գործընկեր, այլ՝ իրենից կախված պետություն, և նման արգելքներ մի օր կիրառելու էր իր շահերի համար` տարբեր քաղաքական խաղերից ելնելով․ արդյունքում տուժում է մեր գյուղացին ու գործարարը։ Այս մասին ֆեյսբուքյան եթերի ընթացքում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանված ռուսական վերջին արգելքներին։
«Բա դու ութ տարի իշխանության լինես ու չկարողանա՞ս այս հարցերը լուծել, դեռ պետությանդ կախվածությունը Ռուսաստանից ավելի մեծացնես»,- ասել է նա։
Արման Թաթոյանը նշել է նաև խնդրի երկարաժամկետ և կարճաժամկետ լուծումները՝ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և առհասարակ որևէ երկրից, իսկ որպես կարճաժամկետ տարբերակ օգտագործել այլընրանքային շուկաները։
«Պետք է պետական մակարդակով սառնարանային տնտեսություններ կազմակերպել՝ առանց մարդկանց վրա ծախսերը թողնելու։ Դրանից բացի, պետք է ներքին շուկաներ փորձել գտնել, գործարարների հետ խոսել։ Մոտ մեկ միլիոն մարդ Հայաստանում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Պատկերացնո՞ւմ եք մեր երկրի վիճակը։ Գյուղացին ու գործարարն ի՞նչ կապ ունեն ձեր քաղաքական խաղերի հետ»,- նշել է Արման Թաթոյանը։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցրել է, որ ստանալով քաղաքացիների վստահության քվեն՝ ինքը և իրենց պրոֆեսիոնալ թիմն արդարություն են բերելու գյուղատնտեսությամբ և արտահանմամբ զբաղվող մարդկանց խնդիրները լուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում` https://www.youtube.com/shorts/bv7WreMqsAw

















