Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է, իսկ անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր՝ շրջանցելով եկեղեցական կառույցը և գործող իրավական կարգավորումները։
«ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը»:

















