Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ այդ որոշումն իրենց համար անակնկալ չէր՝ այն գնահատելով որպես «հրապարակային հանձնարարականի արդյունք»։
Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշել է, որ դատարանը հաստատել է նաև Ծառուկյանի ձերբակալության իրավաչափությունը, թեև, նրա խոսքով, այդ հարցը դատական նիստում չի քննարկվել։
«Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասել է փաստաբանը։
Փաստաբանների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ ևս մեկը՝ ձերբակալվել։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էին Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ։
