Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ Սուրեն Պետրոսյանի հետ խոսել են հունիսի 12-ին՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո, նրա խորհրդավոր անհետացման մասին։
«Բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից»,- հավելեց սրբազանը։
Նրա տեղեկություններով՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Ո՞րն է եղել այդ ամենի նպատակը՝ սրբազանը հստակ չգիտի, դժվարանում է ասել, սակայն կարծում է՝ շարժման, իր մասին տեղեկություններ ստանալու համար։
Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։ Այդ ընթացքում Պետրոսյանը խորհրդավոր կերպով անհետացավ, որևէ մեկը նրան չէր տեսել։ Նրա մասին շուրջ 1 օր լուր չկար, ի վերջո հունիսի 13-ին նա կապ հաստատեց ընտանիքի հետ, իսկ քիչ ավելի ուշ պաշտոնական էջում գրեց, որ քաղաքացիական հագուստով 4 անձ իրեն առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հայտարարեց, որ Պետրոսյանին առևանգել են, և ամենայն հավանականությամբ` դրանք ուժայիններ են։