Բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրգործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ասաց նա:
Գառնիկ Դանիելյանը նշեց՝ մարդիկ կան Կիրանցում, որ ունեն կադաստրի վկայականներ ու չեն վերցրել գումարները: «Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Ամբողջ պետական ապարատն աշխատում է գյուղացիների հետ»,- նշեց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանին տեղեկություններ են հասել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ հատ-հատ աշխատում են և՛ պաշտոնյաները, և՛ հատուկ ծառայությունները:
«Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ գուցե ձեր գույքը ցանկանաք վաճառել»,- ընդգծեց պատգամավորը: