Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Էրեբունի ԲԿ-ն հրաժարվել է բուժօգնություն ցուցաբերել իրեն վիրահատելուց հետո:
«Սիրելի ընկերներ, հուլիսի 12-ին Էրեբունի ԲԿ-ում Լևոն Մաքսիմիչը հեռացրեց իմ վահանաձև գեղձը, քանի որ երկկողմանի քաղցկեղ ունեի։ Վիրահատությունը հաջող էր անցել։ Ես շնորհակալ էի և ուրախ, որ հմուտ վիրաբույժը չէր վնասել իմ ձայնալարերը։ Գիտեի, որ բժիշկս հուլիսի 17-ից գտնվելու էր արձակուրդում։ Իմ այն հարցին, թե հետվիրահատական բարդության դեպքում ո՞վ ինձ կօգնի, նա պատասխանել էր․ «Ինձ փոխարինող բժիշկը»։
Հուլիսի 23-ին Էրեբունի ԲԿ-ի աշխատակցի ուղղորդմամբ ես հեռախոսով խոսել եմ իմ վիրահատությանը մասնակցած բժիշկ Ե․ Ա․ Ափրիկյանի հետ, նրան պատմել իմ ուժեղ ցավերի մասին և հայտնել նախորդ օրը հանձնած կալցիումի հետազոտության պատասխանը, որը նորմայի սահմաններում էր։ «Կալցիում ներարկելու անհրաժեշտություն չկա։ Խնդիրը էնդոկրին տիրույթում չէ»,- պատասխանել էր Ափրիկյանը։
«Բայց իմ գանգատներն առաջացել են վիրահատությունից անմիջապես հետո։ Էրեբունի ԲԿ-ն պատասխանատու է վիրահատված բուժառուների համար։ Կարո՞ղ եմ գոնե Էրեբունու նյարդաբանին այցելել և նրան խնդրել, որ Ձեզ զանգի, միասին քննարկեք իմ վիճակը»․ սրան ի պատասխան Ափրիկյանը նշել է՝ «Եթե նյարդաբանը զանգի, ես չեմ պատասխանի, քանի որ արձակուրդում եմ»։
Դեռ չհանձնվելով՝ ես ի վերջո այցելելեցի բաժանմունքում ինձ համար հասանելի միակ մարդուն՝ ավագ բուժքույր Անյուտային, որը այտոսկրերս կտկտացնելուց հետո եզրակացրեց, որ ես ոչ մի խնդիր չունեմ։ «Ամուսինդ երկրում չէ, դրա համար էլ վատացել ես․․․»․ սա էր Անյուտայի «եզրակացությունը»։ Վիրահատած բուժառուների նկատմամբ պատասխանատվության մասին խոսելիս ստացա նույն պատասխանը․ «Ձեզ հետ համաձայն չեմ, այստեղ պատասխանատվության հարց չկա»։
Կիսագլորվելով իջնելով երկրորդ հարկ (վերելակն այս հարկ չէր տանում) և տեսնելով նյարդաբաններին սպասող մարդկանց հերթը՝ ես հասկացա, որ ինձ վիրահատած թիմն ինձ թողել է մենակ իմ հետվիրահատական խնդրի հետ՝ խախտելով իմ և Էրեբունի ԲԿ-ի միջև ստորագրած պայմանագիրը, որտեղ հստակ նշված է, որ ես ունեմ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, ինչի համար քաղցկեղի պարագայում վճարում է պետությունը։
2023թ․ սեպտեմբերին այս նույն հիվանդանոցում 40 շաբաթականում ծննդաբերելիս ես կորցրի իմ փոքրիկին։ Բժշկի և բուժանձնակազմի մեղավորությունն ապացուցելու անհնարինությունից ու իմ հուզական վիճակից ելնելով՝ մենք որոշեցինք դատական գործ չբացել այս տխրահռչակ կառույցի դեմ, բայց այս անգամ չենք լռելու»,- գրել է նա:
Tribune.am-ը կապ է հաստատել Էրեբունի ԲԿ-ի հետ, խոստացել են մեկնաբանել: Պատասխան լինելու դեպքում կիրազեկենք: