NEWS.am-ի տեղեկություններով՝ Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի» (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել: Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է: Հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, իսկ 49%-ը՝ արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը, իսկ 2 %-ը պատկանում է լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին:Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում: Ավելի ուշ քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու փաստերով: