Նախկինում կինն ահազանգում էր միայն այն դեպքում, երբ ֆիզիկական բռնության էր ենթարկվում, այժմ տենդենցը փոխվել է. «Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքն ինչպե՞ս կազդի բռնության զոհերի վրա» թեմայով մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսին ասել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտան Զարուհի Հովհաննիսյանը
«Հոգեբանական բռնության ենթարկվող կանայք մեծամասամբ զանգահարում են հենց աջակցման կենտրոն՝ հասկանալու, թե ինչի կարող է հանգեցնել և ուր կարող են հասնել իրենց հարաբերությունները։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բացարձակապես չի եղել ֆիզիկական բռնություն, բայց կինը եղել է արդեն ինքնասպանության շեմին»,- ասել է նա և նշել՝ կարևոր է, որ ավելի վաղ լինեն բռնության մասին ահազանգերը, որպեսզի սարսափելի հետևանքների չբախվեն։
Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ տնտեսական բռնության համատեքստում ունեն բազմաթիվ նոր ձևեր։
«Եթե նախկինում առնչվում էինք աշխատանքի հետ կապված խնդիրներին, օրինակ՝ թույլ չտալ աշխատել, նոր մասնագիտություն ձեռք բերել կամ ֆինանսական միջոցները վերահսկելը, հիմա ունենք, օրինակ՝ կնոջ անունով վարկեր ձևակերպելու մեծ պրակտիկա։ Ամենամեծ բռնության դեպքերն են, երբ կինը գալիս է ապաստարան, փորձում ես լուծել բոլոր խնդիրները, բայց կապը վզին ասում է, որ պետք է դուրս գամ, որ վարկերս մուծեմ, թե չէ սև ցուցակում եմ հայտնվելու։ Սա տնտեսական բռնության ամենատարածված ձևերից է, որովհետև վարկի հետ չես կարող բանակցել, կնոջ անունով է ու նա պետք է մուծի»,- ասաց նա։