Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այնքան էլ իրատեսական չեն թվում, համոզված է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։
Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։
Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։
Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։
Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»,- գրել է Վարդան Ոսկանյանը։