Աշխարհի ներկայիս իրավիճակը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին. Նման կարծիք է արտահայտվել Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հրապարակած մեկնաբանության մեջ։
Մեկնաբանության մեջ սուր քննադատության է ենթարկվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցը Գերմանիա։ «Ներկայիս վտանգավոր իրավիճակը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեն, երբ անցյալ դարում ֆաշիստական Գերմանիան և ռազմատենչ Ճապոնիան ռազմական դաշինք կազմեցին և աղետներ պատճառեցին մարդկությանը», – ասվում է KCNA-ի հայտարարության մեջ: «Այն, որ համաշխարհային պատերազմում պարտված հանցավոր պետությունները միմյանց հետ պայմանավորվում են՝ մեկը մյուսի հետևից ագրեսիվ զորավարժություններ անցկացնելու համար, լուրջ հանգամանք է, որը սրում է իրավիճակը տարածաշրջանում»։
Փհենյանը նաև քննադատել է Կիշիդայի մասնակցությունը Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ նա դա անելու «չնչին իրավունք կամ հիմք չունի»։ ԿԺԴՀ-ն վստահություն է հայտնել, որ Ճապոնիայի համար «ՆԱՏՕ-ի հետ ռազմական գործարքը կենսական խնդիր է», քանի որ «ԱՄՆ ուժերն օրեցօր թուլանում են Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակի վատթարացման և Մերձավոր Արևելքում անվերահսկելի ճգնաժամային իրավիճակի պատճառով»։ Փհենյանը նախազգուշացրել է Տոկիոյին, որ «արտաքին ուժերի հետ ռազմական գործարքը ինքնաոչնչացման ճանապարհ է»։ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ցատկահարթակ չէ որևէ մեկի ուժերի ցուցադրման համար, առավել ևս ՆԱՏՕ-ի խաչակրաց արշավանքի համար: ՆԱՏՕ-ի անկոչ հյուրերը ավելի լավ կլիներ իրենց բիզնեսով զբաղվեին տանը, քան դրսում»,- եզրափակել է KCNA-ն: