Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այդ մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու», – գրել է նա:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ, սակայն, Պետրոսյանը կապ էր հաստատել ընտանիքի անդամների հետ։