«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ իշխանությունը երկիրը բաժան-բաժան է անում բոլոր ուղղություններով, հետո ասում է՝ դե եկեք Ադրբեջանի հետ խաղաղություն կնքենք։
«Բա մեր ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Վերջերս էլ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգումների կամ կտտանքների են ենթարկում։ Ռուբեն Վարդանյանը, ով մեր երկրում այդքան ներդրում ունի, բոլոր առումներով ներդրում ունի։ Այդ մարդիկ մեր այդ զինվորականների, քաղաքական գործիչների հետ հաց են կերել, նրանց ձեռքի հացն են կերել, ուրացող չե՞ն. ուրացող են։ Քանի անգամ են հանդիպել նախագահ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, Լևոն Մնացականյանի, երբ այդ մարդն ասում էր՝ մեր հեղափոխությունն ավելին է, քան Արցախի ազատագրումը. ԵԿՄ-ի ղեկավարն էր ասում, ԵԿՄ չէ, երկրահանձ։ Երբ սրա մասին էր այդ անձն ասում, Լևոն Մնացականյանն էր արձագանքում, և ի՞նչ արեցին, ստիպեցին, որ պաշտոնից հրաժարվի։ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը… Այս մարդկանց հետ իշխանությունն ապրել է, նրանց ձեռքի հացն է կերել, ով գիտի՝ իրենց տներում են եղել։ Կրկնում եմ՝ սա քաղաքական հարց չէ, այլ բարոյական»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի 2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հայտարարությունը, երբ ասում էր, որ գերիներն իշխանություններին կներեն, եթե 2-3 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ «Այդ տղաների ո՛չ անունը գիտեն, ո՛չ թիվը, այդ հայտարարությունից հետո քանի՞ երկու ամիս է անցել։ Այս մարդը ենթադրաբար այնքան պայմանավորվածություններ ունի, անհասկանալի, որ հավանաբար մի «փխկ» են անում, ասում է՝ բերեք երկիրը ձեզ հանձնեմ: Սա մուրացիկ քաղաքականություն է»,- հավելեց նա։